Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրաժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաև շատ կենդանիներ: Հողում մեծաքանակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղադրություն ունի:
Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:
Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույնի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օրգանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այստեղ քիչ է հումուսը:
Կարելի է ասել, որ հողը ոչ միայն բույսերի և այլ կենդանի օրգանիզմների ապրելու միջավայր է, այլ նաև՝ կենդանի օրգանիզմների կենսագործունեության արդյունք: Հումուսի պարունակությամբ հողերը շատ տարբեր են: Հումուսով հարուստ է սևահողը, որտեղ լավ են աճում բույսերը: Հումուսի պակասի դեպքում բույսերն զգում են սննդի պակաս: Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:
Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաև ջուր, թթվածին և այլ նյութեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրևները սակավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:
Հողում հանդիպում են բազմաթիվ սնկեր և բակտերիաներ։ - Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը:
Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է, իսկ հումուսը տարբեր կենդանիների և բույսերի մնացորդներից ստացված նյութն է։ - Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի:
Հողի վերին շերտը լինում է մուգ, երբ այնտեղ հումուսը շատ է - Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում:
Հողում պարունակվում են տարբեր կենդանի օրգանիզմներ։ - Ի՞նչ են պարարտանյութերը:
Պարարտանյութերը լրացուցիչ սնունդ են բույսի համար: - Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը:
Հողի արհեստական ոռոգումը կատարում են, որպեսզի բույսի ջրի պակասը լրացն են, իսկ փխրեցումը կատարում են, երբ բույսի մեջ թթվածինը քիչ է։